Մատչելի հղումներ

 
Իրանի գազի արդյունաբերության զարգացման հեռանկարը՝ հարցականի տակ

Իրանի գազի արդյունաբերության զարգացման հեռանկարը՝ հարցականի տակ


Իրանը, որի ընդերքում են գտնվում աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարները, միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքից հետո Թեհրանը փորձում է գրավել արտասահմանյան ներդրողների։ Սակայն Դոնալդ Թրամփի կողմից որդեգրած կարծր դիրքը հարցականի տակ է դնում Իրանում ներդրումներ կատարելու հնարավորությունը։

Բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող Իրանի գազի արդյունաբերության հնացած բնագավառը զարգացնելու համար անհրաժեշտ է 1ՕՕ միլիարդ դոլար։ Եվ այդ պատճառով Թեհրանը որոնում է օտարերկրյա ներդրողներ։

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքի արդյունքում հանվեց այս երկրի նկատմամբ կիրառվող հիմնականում եվրոպական պատժամիջոցների մի մասը։ Սակայն քանի դեռ, ասում են մասնագետները, ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցերով զբաղվող գործակալությունն այդ իրավունքը չի տվել, ամերիկացիները չեն կարող գործարք սկսելու հնարավորություն ստանալ։

Այդ պատճառով էլ Իրանը հայացքը թեքում է այլ ուղղությամբ՝ դեպի Հնդկաստան, որը կարող է դառնալ մի մեծ շուկա իր բնական գազի համար։
Հնդկական ՝՝Հարավասիական գազ՛՛ անվանումը կրող ընկերությունը ծրագրում է կառուցել երկու երկրների միջեւ խողովակաշար, որը լինելու է աշխարհում ստորջրյա ամենախորը խողովակաշարը։

1 3ՕՕ կմ ձգվող խողովակաշարը, որի կառուցման համար պահանջվելու է 5 միլիարդ դոլար, անցնելու է ծովի 2 հազար 5ՕՕ մետր խորությամբ։ Սակայն նման ներդրումների արդյունավետությունը կախված է լինելու գազի գներից, ինչի մասին այսօր դժվար է կատարել կանխատեսումներ։
Ինչպես տնտեսական վերլուծաբաններից Վինսենթ Գրութն է ասում,՝՝Ներդրողները չեն սիրում գործ ունենալ տատանվող գների հետ։ Ուրեմն ՕՊԵԿ-ի պես, որը Նավթ արտահանող երկրների միությունն է, պետք է ունենալ ԳՊԵԿ, այսինքն՝ Գազ արտահանող երկրների միություն՛՛։

Իրանը կուզենար նկատելի դեր ստանձնել նման կազմակերպությունում։ Սակայն հորիզոններն այստեղ մշուշոտ են։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար է քննադատում Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, իսկ պատմությունը ցույց է տվել, ասում է Գերմանա-իրանական առեւտրի կենտրոնի ներկայացուցիչներից Ռայներ Յահնը, ՝՝որ Միացյալ Նահանգները կարող է միջամտել՝ արգելելու համար արտասահմանյան ներդրումներն Իրանում։
Հիշեցնենք ֆրանսիական ՝՝Բե Էն Պե Պարիբա՛՛ ընկերության օրինակը, որը 2Օ14 թվականին պատժամիջոցներն անտեսելու արդյունքում տուգանվեց 8 միլիարդ 9ՕՕ միլիոն դոլար։

Այնպես որ այժմ, ասում են փորձագետները, երբ Դոնալդ Թրամփը նոր անորոշ վիճակ է ստեղծում այս բնագավառում, հստակ ոչինչ չի կարելի ասել Իրանի գազի արդյունաբերության զարգացման հեռանկարների մասին։

XS
SM
MD
LG