Ֆարհան Անշուրը Մինեսոտա նահանգի բնակիչ է ծնունդով Սոմալիից: Նրա կինն ու երեխաները վերջապես ազատ են արձակվել օրերս Վաշինգտոնի օդանավակայանում ձերբակալվելուց հետո:
«Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը:
90 օրյա մուտքի արգելափակումը տարածվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիայի և Եմենի քաղաքացիների վրա: Այս երկրների քաղաքացիներին չեն թույլ տվել նստել ինքնաթիռ ուրբաթ օրվանից ի վեր, երբ ուժի մեջ մտավ հրամանագիրը: Իսկ նրանք, ովքեր ճանապարհին էին արդեն ձերբակալվել են ԱՄՆ ժամանելուց հետո: Սպիտակ Տունը ներողություն է խնդրել ժամանակավոր անհարմարությունների համար:
«Ես պետք է մասնակցեի որպես բանախոս Հարվարդի բիզնես դպրոցի և Հարվարդի Քենեդիի անվան դպրոցի կազմակերպած գիտաժողովներին, սակայն այս արգելքի պատճառով չկարողացա ներկա գտնվել»,- ասում է Ֆադումո Դայիբը:
Դայիբը Սոմալիի և Ֆինլանդիայի երկքաղաքացի է: Նա ասում է, որ ավելի շատ անհանգստացած է Քենիայում սոմալացի փախստականների ճակատագրով, ովքեր պետք է վերաբնակեցվեին ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ի մահմեդականների պաշտպանության խումբն ասում է, որ այն կվիճարկի այս հրամանագիրը դատարանում:
«Այս դատական հայցը սահմանադրական մարտահրավեր է, և այն ներկայացրել են 20 մահմեդականներ, որոնց թվում են ինչպես ԱՄՆ-ի քաղաքացիներ, այնպես էլ օրինական բնակություն հաստատած օտարերկրացիներ»,- ասում է Լենա Մասրին
Իրանա-շվեդական քաղաքացիություն ունեցող դերասանուհի Բահար Փարսը մտահոգված է, քանի որ արգելքը թույլ չի տալիս նրան մասնակցելու այս տարվա Օսկարի արարողությանը: Նա գլխավոր դերակատարներից մեկն է Օսկարի հավակնորդ ֆիլմերից մեկում: Մտահոգված է նաև իրանա-բրիտանական ծագում ունեցող կոմպոզիտոր Սուզան Լոլավարը, ով վստահ չէ, որ կարող կլինի ներկա գտնվել ապրիլին Փիթսբուրգում կայանալիք նրա օպերայի պրեմիերային:
«Դա հարցականի տակ է դնում իմ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, քանի որ չգիտեմ, թե ինչպես վարվել հետագայում»,- ասել է Լոլավարը:
Քննադատների կարծիքով այս արգելքի կիրառումը կունենա բացասական հետևանքներ և չի նպաստի ԱՄՆ-ի անվտանգությանը: