Ինչպիսի՞ մոտեցումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի վարչակազմը արտաքին քաղաքականության ոլորտում: Հարավային Կովկասի տարածաշրջանի ու այլ խնդիրների մասին Ամերիկայի Ձայնը զրուցել է փորձագետների հետ: Հարավային Կովկասի առումով փորձագետները համամիտ են, որ նոր վարչակազմի մոտեցումները կձևավորվեն՝ ելնելով մի շարք գործոններից, որոնցից առաջնայինը ռուս-ամերիկյան հարաբերություններն են:
Ջերեջյան՝ «Կարծում եմ նոր վարչակազմը դեռևս չի կենտրոնացել այս տարածաշրջանի վրա, սակայն շուտով ստիպված է լինելու դա անել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծում եմ, որ այն պետք է լինի ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջնային օրակարգում, քանի որ Ռուսաստանն ունի շատ մեծ ազդեցություն Հարավկովկասյան տարածաշրջանում»:
Heather A. Conley ՝«Մենք չգիտենք, թե ովքեր են լինելու Եվրասիայի, Եվրոպայի կամ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատուները: Որոշակի առումով դա կախված է լինելու այդ մարդկանցից: Կարծում եմ շատ բան կախված է նաև, թե ինչպես կընթանան ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները հեռացող վարչակազմի օրոք չափազանց լարված էին: Նոր վարչակազմի համար այս հարաբերությունների հետագա ընթացքը կարևոր հարցերից մեկն է՝ հաշվի առնելով նաև դրանց սերտ առնչությունը սիրիական և ուկրայինական խնդիրների հետ:
Ջերեջյան՝ «Կարծում եմ նոր վարչակազմը փորձ կանի ներգրավվելու Ռուսաստանին ռազմավարական երկխոսության մեջ, որի ժամանակ կարող են քննարկվել բոլոր հարցերը: Մենք լուրջ հակասություններ ունենք Ռուսաստանի հետ ներառյալ Ղրիմի բռնակցումը, Ռուսաստանի ակտիվությունն Ուկրայինայում և նրա ունեցած դերը Սիրիայում: Սակայն մեծ հաշվով ռուս-ամերիկյան հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի անուշադրության մատնվեն: Մենք խոսում ենք երկու միջուկային գերտերությունների հարաբերությունների մասին»:
Դեսպան Ջերեջյանի կարծիքով ԱՄՆ-ը և Ռուսաստանն ունեն նաև ընդհանուր շահեր, որոնցից է պայքարը ահաբեկչության դեմ: ԴԱԵՇ-ի դեմ միասնական գործողությունները կարող են լավ հիմք հանդիսանալ հետագա հարաբերությունների բարելավման համար:
Անդռադառնալով ԴԱԵՇ-ին ՝ Դեսպան Ջերեջյանը նշեց, որ ահաբեկչական այս խմբավորումն օգտվեց Օբամայի վարչակազմի վարած սխալ քաղաքականության և 2003 թվականի Իրաքյան պատերազմի արդյունքում առաջացած վակումային իրավիճակից: Նա հույս ունի, որ նոր վարչակազմը դասեր է քաղել նախկինում արած սխալներից:
Ջերեջյան՝ «Մեկ բան կարելի է ընդգծել, որ Թրամփը դեմ է պետության կառուցմանը: Ամենայն հավանականությամբ մենք ականատես չենք լինի այն ամենի, ինչը Բուշի 43րդ վարչակազմը արեց Իրաքում: Կարծում եմ նորընտիր նախագահը դասեր է քաղել Աֆղանիստանում և Իրաքում մեր ներգրավածությունից և դեմ է պետության կառուցմանը: »
Արդյոք հունվարի 20-ը կդառնա ջրբաժան հին և նոր վարչակազմերի արտաքին քաղաքականության միջև, թե պահպանելով նախկինի ձեռքբերումները՝որոշակի փոփոխություններ կմցնի նոր վարչակազմի մոտեցումներում՝ դեռևս պարզ չէ: Փորձագետները համամիտ են, որ եզրակացությունները դեռևս վաղաժամ են:
Heather A. Conley՝ «Նախ և առաջ կոչ եմ անում լինել համբերատար, քանի դեռ ձևավորվում է նոր վարչակազմը: Մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի քաղաքականություն է որդեգրվելու, ուստի կոչ եմ անում առաջնորդներին հաճախակի այցելել Վաշինգտոն այս անցումային փուլում»:
Ջերեջյան՝ «Դեռևս չափազանց վաղաժամ է ասել, թե ինչ կարող ենք ակնկալել Թրամփի վարչակազմից: Մենք կարող ենք հիմնվել այս պահին միայն նորընտիր նախագահ Թրամփի նախընտրական մեկնաբանությունների վրա»: