Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Մերկելն այս ամիս ասել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի հակադարձելու նման փորձերի:
«Մենք պետք է տեղեկացնենք մարդկանց և բաց խոսենք մեր համուզմունքների մասին: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ հունից հանեն: Ուղակի պետք է տեղեկացված լինենք դրա մասին և սովորենք, թե ինչպես դրա հետ վարվել»:
Անգելա Մերկելի ամենախոցելի թեման ներգաղթյալներն են: 2015 թվականին շուրջ մեկ միլիոն մարդ է ներգաղթել Գերմանիա: Փորձագետների կարծիքով Ռուսաստանը կփորձի օգտագործել այս փաստը և հրահրել հակամիգրացիոն տրամադրություններ:
Այս տարվա հունվարին ռուս-գերմանուհի Լիզա անունով աղջկա մասին կեղծ լրատվական նյութը, թե իբր նա բռնաբարվել է գաղթականների կողմից, բողոքի լայն ալիք էր բարձրացրել Գերմանիում: Ավելի ուշ աղջիկը խոստովանել էր, որ այդ տեղեկությունը սուտ էր: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կփորձի կիրառել նման կեղծ տեղեկության տարածման մարտավարությունն ընտրությունների ժամանակ:
«Նրանք կարող են դա անել թե՛ Ֆրանսիայում և թե՛ Գերմանիայում, սակայն կարծում եմ, որ Մերկելը շատ խոցելի է, քանի որ ասոցացվում է փախստականներին և ապաստան փնտրողներին Գերմանիայում ընդունելու քաղաքականությանը»,- ասում է Յան Բոնդն Եվրոպական բարեփոխումների կենտրոնից:
Ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշը բարձրանում է: Վերջին ահաբեկչական գործողությունը Բեռլինում կարող է էլ ավելի նպաստել այդ գործընթացին:
«Ճնշումը Գերմանիայի նկատմամբ կարող է մեծանալ նաև Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցում տարաձայնության պատճառով»,- ասում է Գլոբալ հանրային քաղաքականության հաստատության փորձագետ Ֆորսթն Բեները
Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան ուժերը կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարի Լա Պենը ստացել է 10 միլիոն դոլարի վարկ ռուսական բանկից՝ ընտրություններին մասնակցելու համար: Ըստ Յան Բոնդի՝ նրանց հիմնական նպատակն է Եվրամիության կազմալուծումը:
«Ռուսաստանի տեսանկյունից, մեծ հաղթանակ է, եթե հնարավոր դառնա պառակտել Եվրոպան, հարաբերություններ զարգացնել առանձին երկրների հետ և նրանց դարձնել ավելի խոցելի ու կախյալ»,- ասում է Բոնդը:
Դոնալդ Թրամփի նախագահության ստանձնումը մեկ այլ փորձություն է Եվրոպայի միասնության համար:
«Թրամփը Պուտինի նման կողմնակից է բազմակողմանի հարաբերությունների զարգացման փոխարեն եվրոպական երկրների հետ զարգացնել երկկողմանի հարաբերություններ, ուստի կարծում եմ նրան չի մտահոգի շատ, եթե եվրոպական ընտրությունների ժամանակ ռուսական ակտիվության արդյունքում թուլանա Եվրամիությունը»,- ասում է Բոնդը:
Չնայած Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ԱՄՆ-ին պետք է վճարեն անվտանգության ապահովման համար՝ Եվրամիության թուլացման մասին որևէ խոսք չի եղել:
Եվրոպական առաջնորդները հույս ունեն, որ Մոսկվայի ներգրավվածության մասին խոսելով՝ կարող են որոշակիորեն չեզոքացնել այդ վտանգը: Սակայն փորձագետները կարծում են, որ ռուսական քարոզչական մեքենան արդեն աշխատում է ամբողջ ուժով: