Մատչելի հղումներ

Եկեղեցին ամեն մի հայի հոգևոր ծննդավայրն է, ասում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը


Archbishop Vicken Aykazian
Archbishop Vicken Aykazian

«Ես չեմ բաժանի Հայ եկեղեցի և հայ ժողովուրդ, ինձ համար կա Հայ Առաքելական եկեղեցի և իր զավակները»,- ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում ասում է մայրաքաղաք Վաշինգտոնում Հայ առաքելական եկեղեցու պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանն, ում հետ զրուցեցինք Հայաստանում և Սփյուռքում Հայոց եկեղեցու դերի և այլ եկեղեցիների հետ կապերի մասին:

Արքեպիսկոպոս Այկազյանի կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցին պատմականորեն չափազանց կարևոր դեր ունի հայ ժողովրդի կյանքում, պատկանում է ժողովրդին՝ ապահովելով նրա կապը Հայրենիքի և ազգային արմատների հետ:

«Եկեղեցին ամեն մի հայի հոգևոր ծննդավայրն է, ամեն մի հայ եկեղեցու մեջ կտեսնի իր անցյալն, իր պատմությունն, իր հայրենիքը: Եկեղեցին բոլորինն է, և հոգևորականը պետք է այդ դերը կատարի՝ ապահովելով ամբողջականությունը»:

Մեծ է Եկեղեցու նշանակությունը նաև Սփյուռքում, ուր այն հանդիսանում է հոգևոր և ազգային կենտրոն՝ նպաստելով հայապահպանմանը:

«Վերջին 100 տարիների ընթացքում, եթե մենք կարողացել ենք գոյատևել արտասահմանում, դրա մեջ շատ մեծ է Եկեղեցու դերը: Այսօր կացությունը նույնն է, հատկապես մեծացող գաղութների պարագայում: Պետք է Եկեղեցին ավելի կազմվի և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Հայոց եկեղեցին զուրկ չէ խնդիրներից, սակայն արքեպիսկոպոս Այկազյանը լավատես է:

«Ամեն մի եկեղեցի աշխարհում ունի իր խնդիրները: Մենք էլ ունենք խնդիրներ, սակայն կհավատամ, որ այդ խնդիրները ժամանակի ընթացքում կվերանան»:

Անդրադառնալով եկեղեցիների հետ հարաբերություններին՝ նա մատնանշեց Կաթոլիկ եկեղեցու հետ ջերմ հարաբերությունները:

«Շատ սերտ են մեր հարաբերությունները Վատիկանի հետ: Դրա վառ փաստերից ապրիլի 12-ին Սրբազան Պապի զորեղ հայտարարությունն էր Ցեղասպանության մասին, որ ցնցեց աշխարհը: Միևնույն ժամանակ, Նարեկացին նշանակվեց եկեղեցու ուսուցիչ: Դա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ պատմության մեջ ընդամենը 36 հոգի են ընտրվել եկեղեցու ուսուցիչներ և դաստիարակներ, որոնցից մեկն էլ Նարեկացին է»:

Ըստ արքեպիսկոպոսի՝ ջերմ են Հայ Առաքելական եկեղեցու կապերն Արևելքի հին եկեղեցիների հետ, որոնց Հայոց եկեղեցին դիտարկում է քույր եկեղեցիներ: Լավ են հարաբերությունները նաև բողոքական և ուղղափառ ազգային եկեղեցիների հետ: Առանձնացնելով համագործակցությունն այլ եկեղեցիների հետ Միացյալ Նահանգներում՝ Վիգեն արքեպիսկոպոսը ընդգծեց 2015 թվականին մայրաքաղաք Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումը, ուր ներկա էին ԱՄՆ-ում գործող գրեթե բոլոր եկեղեցիների առաջնորդները:

Հայոց եկեղեցու արտաքին կապերի զարգացմանն էապես նպաստում է ներգրավվածությունը շուրջ 600 միլիոն հավատացյալներ միավորող Եկեղեցիների համաշխարհային խորհրդում: Արքեպիսկոպոս Այկազյանն ասում է, որ վերջին 15 տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է Հայոց եկեղեցու դերակատարությունն այստեղ: Վերջին մի քանի տարիներին կազմակերպության նախագահը շուրջ 4 անգամ այցելել է Հայաստան:

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այսօր ամենակարևոր եկեղեցական հաստատություններից մեկն է, որը աշխատում է աշխարհի տարբեր մասերում, ունի իր ասելիքը և նպատակներից կարևորագույնը խաղաղություն բերելն է աշխարհին»:

XS
SM
MD
LG