Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Ազատությունը հաղորդում է, որ Լավրովը, Քերրին և Էրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:
«Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն և հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում: Նախագահների շարունակական և ուղիղ երկխոսությունը, համանախագահների հովանու ներքո, շարունակում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ», - նշել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները: - «Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը», - զգուշացրել են նրանք:
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները և հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին:
«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգել Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին համատեղ հայտարարություններ են հրապարակվել: Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման հարցում: Մենք կոչ ենք անում վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ստեղծման գործում: Այդ առաջարկները պետք է կյանքի կոչվեն անմիջապես կարգավորման բանակցությունների վերսկսման հետ»:
Լավրովը, Քերրին և Էրոն նաև գնահատականներ են հնչեցրել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ. - «Ապրիլին շփման գծում բռնությունների դրամատիկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգված ենք զինված բախումների շարունակմամբ, այդ թվում` ծանր հրետանու գործածությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և ուժի գործադրման սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորումների համար որևէ արդարացում չկա: Մենք նաև տեղյակ ենք ապրիլին մարտի դաշտում տեղի ունեցած վայրագությունների մասին և խստագույնս դատապարտում ենք դրանք»:
«Կոչ ենք անում կողմերին վերահաստատել հակամարտությունը խաղաղ կերպով հանգուցալուծելու իրենց պատրաստակամությունը, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցում բերելու միակ ճանապարհ: Մենք նաև հորդորում ենք նրանց խստորեն պահպանել 1994/95թթ հրադադարի պայմանագրերը, որոնք հիմք են հանդիսանում հակամարտության գոտում պատերազմական գործողությունների դադարեցման համար», - ասված է հայտարարությունում: