Մատչելի հղումներ

Թրամփի աշտարակը վերածվում է նոր Սպիտակ տան


Նյու Յորք քաղաքի կենտրոնը շքեղ խանութների եւ միլիոնավոր զբոսաշրջիկների տարածքից վերածվել է նաեւ անվտանգության հատուկ գոտու: Այստեղ, Թրամփի աշտարակում է բնակվում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Այստեղ են այցելում նրա հետ հանդիպման երկրի ապագա կառավարության անդամները: Ինչպես նախկինում, աշտարակի ներս մուտքն ազատ է բոլորի համար, չնայած անվտանգության ուժեղացված միջոցներին: Զբոսաշրջիկներից շատերին Թրամփի աշտարակի ներքին նախատոնական հարդարանքը դուր է գալիս.

«Սնունդը համեղ է, սպասարկումը՝ հիանալի: Շենքն ուղղակի հրաշալի է եւ ընդհանուր մթնոլորտը` դյուրին», - պատմում է Թեքսասից Նյու Յորք ժամանած Սյուզան Նեյբորսը:

202 մետրանոց աշտարակն այցելուներին առաջարկում է ռեստորանների եւ շքեղ խանութների ընտրանի, որոնց թվում է հանրահայտ Gucci-ին: Թրամփի աշտարակում հաջորդ նախագահից բացի տուն ունեն նաեւ դերասան Բրյուս Ուիլիսն ու ֆուտբոլի աստղ Քրիսթիանո Ռոնալդոն: Նախատոնական այս օրերին սակայն անվտանգության արտակարգ միջոցները, որոնց պատճառով խցանված են հարեւան փողոցները, ոչ թե օգնում, այլ խանգարում են խանութներին եւ քաղաքացիներին, ասում են Նյու Յորքի քաղաքապետարանում:

«Չէի ասի, թե Gucci-ի եւ Tiffany-ի դժվարությունները կյանքիս առաջնահերթությունների թվում են, սակայն երթեւեկության խնդիրներն իրոք լուրջ են», - ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոն:

Նյու Յորքի քաղաքապետարանին հատկապես անհանգստացրել է Մելանիա Թրամփի որոշումը մնալ իրենց 10-ամյա որդի Բարոնի հետ Նյու Յորքում՝ մինչ Բարոնն ավարտի դպրոցական տարին 2017-ի ամռանը:

«Մենք Թրամփի աշտարակի անվտանգության պահպանման համար ծախսում ենք իսկապես զգալի միջոցներ», - նշում է Նյու Յորքի ոստիկանապետ Կարլոս Գոմեսը:

Միայն Նյու Յորքի քաղաքապետարանը Թրամփի աշտարակի շուրջը անվտանգության արտակարգ միջոցների վրա ծախսում է օրական 1 միլիոն դոլարից ավելի: Թրամփի կողմնակիցները սակայն այդ խնդիրներին ըմբռնումով են մոտենում, իսկ Թրամփի աշտարակն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «Հյուսիսային Սպիտակ տուն»:

XS
SM
MD
LG