Չնայած նախընտրական քարոզարշավն ավարտված է՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նորից հանդիպել է իր աջակիցների հետ՝ վստահեցնելու, որ ինքը կկատարի իր խոստումները:
«Մենք կվերացնենք առևտրային խարդախությունները, որոնք խանգարում էին ձեզ մրցել և գործել: Այդ օրերն անցան պատմություն»,- հայտարարել է Թրամփը:
Հանրահավաքը հրավիրվել էր այն ժամանակ, երբ Carrier ընկերությունը նորընտիր նախագահի հետ հանդիպելուց հետո որոշում է կայացրել չուղարկել իր հազար աշխատողներին Մեքսիկա:
Թրամփի կողմնակից Հեյդի Մորիսը դրական է գնահատում նման որոշումը:
«Նա ունի համապատասխան ունակություններ, որոնք գալիս են նրա գործար լինելուց: Նա կարող է նստել-բանակցել նման մտածելակերպ ունեցող մարդկանց հետ և հասնել համաձայնության: Նա գիտի, թե ինչ ասել և ինչ անել, որ դա տեղի ունենա»,- ասում է Թրամփի աջակիցը:
Մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր քննադատաբար են մոտենում Թրամփի թեկնածությանը, բողոքի ակցիա էին իրականացնում հանրահավաքի վայրից մի փոքր հեռու: Նրանք փաստորեն ներկայացնում էին բնակչության այն կեսը, ովքեր չեն համակրում Թրամփին և մտահոգված են, թե ինչ պետք է տեղի ունենա Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
Իր ելույթում Թրամփը խոսեց նաև պառակտված հասարակության մասին:
«Մենք պատրաստվում ենք միավորել երկիրը, մենք կգտնենք ընդհանուր դաշտ և կանենք մեր գործը»
Նրա աջակից Իրեն ՄաքՆալթին համոզված է, որ նա կանի դա:
«Նա մեզ չի մոռացել: Որպես կանոն, երբ նրանք ընտրվում են, մենք այլևս չենք տեսնում նրանց նորից, սակայն նա գալիս է շնորհակալություն հայտնելու մեզ աջակցության համար»:
Սակայն բողոքարար Վինի Բոուլը ունի այլ կարծիք:
«Նա կարճ հիշողություն ունի: Կարծում եմ, որ նա ուղակի ձանձրացել է անցումային շրջանի աշխատանքներից ու ցանկանում է դուրս գալ ու վայելել իր կողմնակիցների քծնանքը»:
Հանրահավաքին դրա պակասը չկար: Այստեղ Թրամփը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնում թոշակի անցած հատուկ ջոկատային գեներալ «Կատաղի» Մաթիսի նշանակման մասին:
Նախընտրական քարոզարշավի միջոցառում հիշեցնող հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ այս հանրահավաքը դիտարկում են որպես օգնության կոչ Թրամփի կողմից՝ իր խոստացած ծրագրերն իրականացնելու համար: Այն ծրագրերի, որի օգտին քվեարկել են նրա աջակիցները: