Ֆրանսիան կոչ է անում անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Հալեպի իրադարձությունների հետ կապված:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն լրագրողներին ուղղված իր հայտարարության մեջ ասում է, որ այս պահին, քան երբևիցե, ահնհրաժեշտ է հասնել Սիրիայում զինադադարի հաստատմանը և մարդասիրական օգնություն ցուցաբերել պաշարված քաղաքի բնակչությանը:
«Ըստ ՄԱԿ-ի հաղորդած տեղեկության՝ մոտ մեկ միլիոն մարդ այս պահին գտնվում է պաշարման մեջ ոչ միայն Հալեպում և Հոմսում, այլ նաև Ղոթայում և Իդլիբում: Սա է այսօրվա իրավիճակը Սիրիայում: Մենք դեմ ենք Սիրիայի վարչակարգի և նրա դաշնակիցների այն ռազմավարությանը, որոնք օգտվում են ԱՄՆ-ում առկա քաղաքական իրավիճակից: Մենք նախաձեռնում ենք Սիրիայի բարեկամների խմբի հանդիպում Փարիզում մոտակա օրերին: Մենք նաև շարունակելու ենք մեր պայքարը՝Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործումը ՄԱԿ-ի ԱԽ-ում դատապարտող բանաձև ընդունելու համար: Սա է իրականությունը»:
ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ մոտ 16 հազար քաղաքացիներ լքել են արևելյան Հալեպը՝ Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացման արդյունքում:
Սիրիական քաղաքացիական պաշտպանության Հալեպի մասնաճյուղն, ավելի շատ հայտնի որպես «Սպիտակ սաղավարտներ», Արևելյան Հալեպի Ալ Մայսար բնակավայրի հրթիռակոծումից հետո սկսել է փլատակների տակից դուրս բերել զոհվածների մարմինները:
Ակտիվիստներն ու սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկուշաբթի օրը կառավարական զորքերը մի շարք հաջողություններ են արձանագրել Հալեպի արևելյան հատվածում՝ փորձելով բաժանել զինյալների վերահսկողության տակ գտնվող Հալեպի հատվածը երկու մասի:
Հալեպը սիրիական հակամարտության ընթացքում դարձել է կարևոր կռվախնձոր, ուր Ռուսաստանի աջակցությամբ կառավարական զորքերը փորձում են վերահաստատել վերահսկողությունը: Միջազգային հանրությունը մտահոգված է, քանի որ շուրջ 250 հազար բնակիչներ գտնվում են պաշարման մեջ և կարիք ունեն սննդի ու դեղորայքի:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր խորը զայրույթն է արտահայտել Հալեպի վերջին հրթիռակոծումների վերաբերյալ և այդ առումով պատասխանատվությունը դրել Մոսկվայի վրա: