Դալայ Լաման չորեքշաբթի օրն ասել է, որ նա անհանգստացած չէ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի վարչակազմի վերաբերյալ և ցանկանում է հանդիպել նրան ապագայում:
Տիբեթի վտարանդի հոգևոր առաջնորդն ասել է, թե կարծում է, որ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը հետ կկանգնի քարոզարշավի ընթացքում հնչեցրած որոշ հայտարարություններից:
«Ամերիկան ազատ աշխարհի առաջատար երկիրն է, ուստի անկախ առկա խառն իրավիճակից, ժողովուրդն արել է իր ընտրությունը: Ընտրությունների ժամանակ թեկնածուները ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը, սակայն ընտրվելուց հետո նրանք ստանձնում են պարտավորություններ և պետք է գործեն ու համագործակցեն՝ ելնելով իրական վիճակից: Ուստի ես մտահոգված չեմ»,-ասել է հոգևոր առաջնորդը:
Դալայ Լաման ասել է, որ ինքը պատրաստվում է այցելել Միացյալ Նահանգներ և հույս ունի հանդիպել Թրամփին հաջորդ տարի:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը նախկինում չորս անգամ ընդունել է Դալայ Լամային: Վերջին այցը տեղի է ունեցել հունիս ամսին: Չինաստանը կտրուկ քննադատում է այդ հանդիպումները: Այս երկրի կոմունիստական ղեկավարությունը դիտարկում է Դալայ Լամային որպես անջատողական, ով ցանկանում է մասնատել երկիրը:
Տիբեթի հոգևոր առաջնորդն, իր հերթին, ասում է, որ ցանկանում է իրական ինքնավարություն իր հայրենիքի համար:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենք Շուանգը չորեքշաբթի օրն ասել է լրագրողներին, որ Դալայ Լամայի այցը Մոնղոլիա նպատակ էր հետապնդում վարկաբեկելու Չինաստանը միջազգային հանրության աչքերում:
Նա ավելացրել է, որ բուդդիստական տաճարում հոգևոր գործունեությամբ զբաղվելու փոխարեն Դալայ Լաման շրջագայում է աշխարհով մեկ, հանդիպում օտարերկրյա առաջնորդների և փորձում լարել Չինաստանի հարաբերություններն այլ երկրների հետ:
Դալայ Լաման և նրա այցը կազմակերպած Մոնղոլական տաճարը հայտարարել են, որ այցը Մոնղոլիա կրոնական միջոցառում էր եւ չէր կրում քաղաքական բնույթ։