Մատչելի հղումներ

Տնտեսագիտական մտքի զարգացումը հետխորհրդային երկրներում


Yerevan, Armenia
Yerevan, Armenia

Քառորդ դար առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսասատնի, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարները ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Խորհրդային Միության գոյությանը:

«1991 թվականի դեկտեմբերին Բելովեժյան համաձայանգրի ստորագրմամբ ավարտվեց 20-րդ դարի ողբերգական պատմությունը: Սա համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություն էր: Անցել է քառորդ դար, սակայն, առայսօր չկա այս իրադարձության խորքային ընկալում»,-հատարարել է ՌԴ նախկին փոխվարչապետ Գենադի Բուրբուլիսը:

Խորհրդային կայսրության փլուզման պատճառները բազմաթիվ էին, որոնցից ամենակարևորներից է տնտեսական գործոնը: Խորհրդային պլանային տնտեսությունն ու անարդյունավետ կառավարումը նպաստեցին պետության կազմալուծմանը: Հետխորհրդային երկրների տնտեսագիտական մտքի զարգացման և ազատ տնտեսական քաղաքականության մշակման խնդիրների մասին զրուցեցինք Հայկական տնտեսագիտական միության նախագահ, տնտեսագետ Զարեհ Ասատրյանի հետ, ով Վաշինգտոնում մասնակցում էր Ամերիկյան տնտեսագիտական միության կազմակերպած համաժողովին:

«Խորհրդային միությունում առկա էր պլանային տնտեսություն: Տնտեսական առումով ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանին թողեց խոշոր արդյունաբերական հիմք, որը կարող էր աշխատել միայն խորհրդային պլանային տնտեսությունում, սակայն պարզվեց, որ այն այնտեղ էլ չի կարող աշխատել: Դրանից հետո անհրաժեշտ էր բարեփոխումներ իրականացնել, որի համար պետք էր կամք և գիտելիք» »,-ասում է Զարեհ Ասատրյանը:

Խորհրդային տնտեսագիտական միտքը ձևավորված էր պլանային տնտեսության հիմքի վրա, ուստի փլուզումն իր հետ բերեց ոչ միայն երկար սպասված ազատությունն, այլ նաև նոր տնտեսագիտական մտքի յուրացման և ազատ շուկայական հարաբերությունների ձևավորման անհրաժեշտություն: Ըստ տնտեսագետի, այսօր Հայաստանում այս խնդիրները մնում են արդիական:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարիք զգացվեց նոր տնտեսագիտական մտքի ձևավորմանը նախկին ԽՍՀՄ-ի երկրներում: Ստեղծվեցին նոր տնտեսագիտական քաղաքականության մշակման կենտրոններ Բուդապեշտում, Պրագայում, Կիևում, Թիֆլիսում: Հայաստանում ևս որոշ բաներ արվեցին, սակայն ազատ տնտեսական քաղաքականության մշակման կենտրոն չհիմնվեց»,-ասում է Ասատրյանը:

Հայկական տնտեսագիտական միության նախագահի կարծիքով, կրթական համակարգն այս հարցում ունի կարևոր նշանակություն, որը պետք է պայմաններ ստեղծի ոչ միայն տնտեսագիտության ուսուցման, այլև հետազոտություններ իրականացնելու համար:

«Հայաստանի համալսարանները չեն իրականացնում հետազոտություններ: Նրանք զբաղված են ուսուցմամբ, սակայն գիտահետազոտական աշխատանքներ չեն տարվում: Ընդհանուր կրթական համակարգը կարիք ունի բարեփոխումների»,-ասում է Զարեհ Ասատրյանը:

Այսօր Հայաստանում, ըստ Զարեհ Ասատրյանի, այս առումով դեռևս շատ անելիքներ կան, և Հայկական տնտեսագիտական միությունը փորձում է հետազոտությունների համար ստեղծել համապատասխան դաշտ Հայաստանում տարեկան գիտաժողովների անցկացման ու hետազոտությունների խրախուսման միջոցով:

«Մենք տեսնում ենք, որ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ են հետազոտություններ, և Հայկական տնտեսագիտական միությունը նպաստում է դրան, ստեղծում պլատֆորմ, որտեղ կարող են հանդիպել քաղաքականություն մշակողներն ու հետազոտողները, ստեղծում կապը դրսի հետ: Մեր գործիքներն են գիտաժողովներն ու կայքի միջոցով ռեսուրսների տրամադրումը: Սկսել ենք որպես փոքր թիմ, մեզ համար անսպասելիորեն եվրոպական և ամերիկյան բուհերում ուսուցանող հայ շատ մասնագետներ հավաքվեցին միության շուրջ»,-ասում է Հայկական տնտեսագիտական միության նախագահը:

Ըստ տնտեսագետի, տնտեսական քաղաքականության մշակումը բավականին դժվար, ծախսատար ու ժամանակատար գործընթաց է: Դրա ու կրթական համակարգի միջև կապն, անխոս, չափազանց կարևոր է: Նա կարծում է, որ նոր երիտասարդ կադրերի ընդգրկումը կրթական համակարգում կարևոր դեր ունի հետխորհրդային տնտեսագիտական մտքի զարգացման հարցում, որը դրականորեն կազդի երկրում ազատ տնտեսության ու ազատ շուկայական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում, ըստ տնտեսագետի, անհրաժեշտություն կա մշակելու տեղական կարիքների համար համապատասխան տնտեսական քաղաքականություն, որը, հաշվի առնելով համաշխարհային փորձն, այն կադապտացնի հայկական իրականությանը:

XS
SM
MD
LG