Մատչելի հղումներ

Հայաստանի ոգեւորությունը Թրամփի հաղթանակի կապակցությամբ հասկանալի է՝ փորձագետ


Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տան արտաքին քաղաքականությունը հավանաբար չի կենտրոնանալու մարդու իրավունքների պաշտպանության վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշում է Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Նելլի Բաբայանը.

«Այդ նոր վարչակազմը հավանաբար այնքան քննադատաբար չի վերաբերվելու ժողովրդավարության խախտումների փաստերին եւ այնքան ամուր չի սատարելու մարդու իրավունքները: Եւ դա շատ դրականորեն է ընկալվում նախկին խորհրդային որոշ երկրների ղեկավարների կողմից»:

Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանում Դոնալդ Թրամփի հաղթանակը ընկալել են որպես ավանդական արժեքների հաղթանակ եւ բավականին ջերմ ընդունել.

«Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Թրամփի հաղթանակը գնահատել է որպես պահպանողականության եւ ազգապահպանման հաղթանակ»:

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հաղթանակը դրականորեն է ընկալվել նաեւ Հայաստանի ընդդիմության կողմից.

«Հայկական ընդդիմադիր կուսակցություններին նույնպես ոգեշնչել էր Թրամփի հաղթանակը, որը նրանք դիտարկում են որպես հաղթանակ իշխող քաղաքական վերնախավի դեմ»:

Ինչ վերաբերում է Թրամփի օրոք Սպիտակ տան քաղաքականությանը Հարավային Կովկասի նկատմամբ, ապա Նելլի Բաբայանի խոսքով, այն երբեք չի հնչեցվել եւ հավանաբար կախված կլինի Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններից.

«Հարավային Կովկասի հետ հարաբերությունները, բոլոր երեք երկրների հետ, հավանաբար հետեւանք կլինեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների: Նույնը վերաբերում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանի երկրների հարաբերություններին Եվրամիության հետ»:

Վերլուծաբանի կարծիքով, Դոնալդ Թրամփը բազմիցս է նշել, որ Մոսկվան կարող է ունենալ իր հատուկ շահերը որոշ տարածքներում եւ բացառված չէ, որ Հարավային Կովկասը նման տարածք համարվի, եթե նախագահ Թրամփը պայմանավորվածության գա նախագահ Պուտինի հետ.

«Հիշեցնեմ սակայն, որ թեեւ Պուտինի հետ ամեն ինչ կարող է հարթ ընթանալ, Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը կարող է ընդդիմության հանդիպել Կոնգրեսում սեփական կուսակցության՝ հանրապետական մեծամասնության շրջանում, ինչպես նաեւ՝ եվրոպական դաշնակիցների կողմից»:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանը հիշեցնում է, որ Դոնալդ Թրամփն իր գլխավոր առավելությունների թվում նշում է շահավետ գործարքներ կնքելու կարողությունը.

«Եթե նա իրականում այդքան լավ գործարքներ կնքելու մասնագետ է, ապա որեւէ բան չի զիջի Ռուսաստանին կամ Թուրքիային, այլ նրանցից առաջարկների կսպասի: Այնպես որ, սպասենք եւ տեսնենք, թե ինչ կարող են առաջարկել Մոսկվան եւ Անկարան եւ արդյոք այդ առաջարկները բավարար կհամարվեն Թրամփի կողմից»:

XS
SM
MD
LG