Նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի առջև կանգնած են ամերիկյան ազգային շահերից բխող բազմաթիվ մարտահրավերներ, ներառյալ Մերձավոր Արևելքի իրավիճակը, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունն Ուկրայինայի հանդեպ և հարաբերությունները Չինաստանի հետ:
Թրամփը խոստացել է հաղթել ծայրահեղականների դեմ պատերազմը, սակայն փորձագետների կարծիքով քարոզարշավի ժամանակ տրված խոստումները դեռևս բավարար չեն:
«Երբ միջազգային ասպարեզ ես դուրս գալիս, բոլորը հետևում են քայլերիդ: Դու էլ փորձում ես գտնել ճիշտ խոսքեր, որոնք ակնկալում են այլ մարդիկ: Շատ բան է կախված նրանից, թե ինչպես ես ներկայացնում հակամարտությունը և ինչպես ես լուծում խնդիրները»,-ասում է Բրուքինգս հաստատության փորձագետ Դարել Ուեստը:
Իր քարոզարշավի ընթացքում Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ համագործակցելու օգուտների մասին: Օբամայի վարչակազմի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված էին:
«Եթե փորձ անենք հասկանալու կամ գնահատելու նրա քաղաքականությունը ելնելով քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարություններից, ապա դա շատ մտահոգիչ է: Նրա կողմից Ուկրայինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի անտեսումը կամ ՆԱՏO-ի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերանայումը չափազանց վտանգավոր է», - ասում է վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Ինչ վերաբերվում է Միջխաղաղօվկիանոսյան համագործակցությանը, տարածաշրջանային փորձագետները չեն ակնկալում որևէ դրական միտում, քանի որ հայտնի է Թրամփի վատատեսական մոտեցումները սույն համաձայնագրի վերաբերյալ: Նա հավանաբար կնախընտրի ավելի կոշտ դիրքորոշում Հարավային Չինական ծովում եղած խնդիրների վերաբերյալ, որոնք միլիարդավոր դոլարների վնաս են բերում առևտրին:
Փորձագետների մի հատվածը դիտարկում է նախագահի պաշտոնում ընտրված հանրապետական թեկնածուին որպես կոշտ արտաքին քաղաքականության կողմնակցի, սակայն փորձագետների մեկ այլ խումբը սպասում է Թրամփի նշանակումներին՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշումներ կորդեգրի Սպիտակ Տան նոր վարչակազմը: