Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնը կենտրոնացել են այսպես կոչված «վիճելի» նահանգների վրա, որոնք որոշիչ են լինելու հաջորդ նախագահի ընտրության ընթացքում: ԱՄՆ-ուն նախագահ է դառնում այն թեկնածուն, ով ընտրական կոլեգիայում ունենում է առավել ձայներ, որոնք կապված են յուրաքանչուր նահանգում թեկնածուի հաղթանակի հետ: Այն թեկնածուն, ով հաղթում է առանձին նահանգում, ստանում է այդ նահանգի համար ընտրական կոլեգիայում նախատեսված ձայների քանակը:
Ընտրությունների նախօրեին Հիլարի Քլինտոնը և Դոնալդ Թրամփը հաճախակի այցելություններ են կատարում մի շարք նույն նահանգներ, որոնք համարվում են վիճելի: Դրանցից են Օհայոն, Նյու Հեմփշայերը, Ֆլորիդան, Նեվադան և այլ նահանգներ:
ԱՄՆ-ի նահանգները արդեն մի քանի տարի է, ինչ նախագահական ընտրությունների ընթացքում ունեն հստակ քաղաքական բաժանում հանրապետական և դեմոկրատական նահանգների:
Քաղաքական մեկնաբան Սթեֆան Վեյնը ասում է. «Շատ նահանգներում մեկ կուսակցությունը ունի շատ մեծ առավելություն, ուստի չկա որևէ իմաստ մեծ միջոցներ ծախսել հակառակ կուսակցության համար նախագահական ընտրությունների ընթացքում»:
Արդյունքում, ինչպես նշում է մեկ այլ փորձագետ Ջերեմի Մայերը, նախագահական թեկնածուները իրենց նախընտրական արշավի զգալի հատվածը անցկացնում են տասնյակ այսպես կոչված «վիճելի» նահանգներում:
«Այսօր նախագահական ընտրությունների արշավ իրականացվում է մոտ 12 նահանգներում: Տարեց տարի ցուցակը փոխվում է, սակայն վերջին երեք ընտրությունների շրջանում այն եղել է կայուն»:
Վիճելի նահանգներից են Ֆլորիդան, Օհայոն, Հյուսիսային Քարոլինան, Նեվադան և Նյու Հեմփշայերը, որոնք իրենց վրա են կենտրոնացնում ողջ ուշադրությունը:
Փորձագետ Օստին Հարթը ասում է, որ 1992 թվականից ի վեր, երբ ընտրություններում հաղթեց նախագահ Բիլ Քլինտոնը, դեմոկրատական կուսակցությունն ավելի շատ հաջողություններ գրանցեց վիճելի նահանգներում հաղթելու առումով, որը խնդրահարույց է այսօրվա թեկնածու Դոնալդ Թրամփի համար:
«Նա պետք է հաղթի Ֆլորիդայում, Օհայոյում, հավանաբար Կոլորադոյում և Նեվադայում: Նա նաև, եթե կարող է, պետք է ամրացնի իր դիրքերը Փենսիլվանյա նահանգում: Այսպիսով նա շատ աշխատանք ունի անելու»:
Նախընտրական արշավի վերջին օրերին թեկնածուները կենտրոնանում են ընտրողների համեմատաբար փոքր խմբերի վրա, ասում է փորձագետ Ջենիֆեր Լոլեսը:
«Այժմ խոսքը գնում է չկողմնորոշված ընտրողների մասին, ովքեր բնակվում են վիճելի նահանգներում, ուստի մենք խոսում ենք բնակչության շատ, շատ փոքր տոկոսի մասին»:
Հարցումները ցույց են տալիս, որ թեկնածու Քլինտոնը մի քանի վիճելի նահանգներում առաջ է Թրամփից՝ չնայած վերջինս շարունակում է խնդրահարույց լինել դեմոկրատների թեկնածուի համար այնպիսի կարևոր նահանգներում, ինչպիսիք են Օհայոն, Ֆլորիդան և Հյուսիսային Քարոլինան: