Մատչելի հղումներ

Քլինթոնն ու Թրամփը միմյանց ծաղրում են


Անհավատալի է, սակայն, նախընտրական բանավեճից հետո ահա նրանք նորից կողք կողքի: Հանրապետական Դոնալդ Թրամփին ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին միավորել էր Ալ Սմիթի ամենամյա երեկոն՝ կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառում, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվում է կարիքավոր երեխաների օգտին:

Ի տարբերություն նախընտրական բանավեճի, այստեղ թեկնածուները հիմնականում կատակում էին: Ավանդույթի համաձայն, առաջին հերթին կատակում էին սեփական թերությունների վրա: Ակնարկելով իր տիկնոջ հետ տեղի ունեցած պատմությունը, երբ պարզվել էր, որ 2016-ին Մելանիա Թրամփի ելույթի խոշոր հատվածներ բառ առ բառ կրկնօրինակում էին Միշել Օբամայի 2008 թվականի ելույթը, Դոնալդ Թրամփն ասել է.

«Լրատվամիջոցները կողմնակալ են իմ հանդեպ: Միշել Օբաման ելույթ է ունենում եւ բոլորն այն գովում են, անվանում չտեսնված եւ հզոր: Իմ կին Մելանիան նույն ելույթն է ունենում եւ մարդիկ նրան քննադատում են»:

Հիլարի Քլինտոնը որոշել էր կատակել անցած բանավեճի վերաբերյալ.

«Այս վերջին բանավեճից առաջ Դոնալդը պահանջում էր, որ ստուգեն իմ արյան մեջ դեղահաբերի պարունակությունը: Պետք է ասեմ, որ շոյված եմ, որ Դոնալդը համարում է, թե ես ուժ տվող հաբեր եմ օգտագործում: Իրականում դա կոչվում է պատրաստված լինել»:

Այնուհետեւ՝ անցան միմյանց մասին կատակների: Անդրադառնալով այն հարցին, որ նախագահ դառնալու դեպքում խոստացել էր Հիլարի Քլինտոնին բանտարկել, Թրամփը նշել է.

«Այստեղ գալուց Հիլարին հանկարծակի հրեց ինձ եւ շատ քաղաքակիրթ ասաց. «Ներեցեք ինձ», ես էլ քաղաքակիրթ պատասխանեցի՝ «Կխոսենք այդ մասին, երբ ես նախագահ դառնամ»:

Ի պատասխան Քլինթոնը հիշատակեց Թրամփի սովորությունը ընդհատել զրուցակցին.

«Դոնալդ, եթե որեւէ պահի քեզ իմ ասածը դուր չգա, քեզ զգա ազատ, կանգնիր ու բացականչիր խոսքիս ընթացքում՝ «սուտ է»:

Անդրադառնալով մրցակցի անձնական հատկանիշներին, Թրամփն ասել է.

«Հիլարին շատ բարի է, նա ասել է, որ եթե նա հաղթի, ապա ցանկանում է որ ես անվերապահորեն դառնամ նրա դեսպանն Իրաքում կամ Աֆղանստանում»:

Հիշեցնենք, որ Քլինթոնին հանրապետականները քննադատում էին բավարար աշխատանք չկատարելու մեջ, որի արդյունքում իր պետքարտուղար եղած ժամանակ ահաբեկիչները սպանել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսին: Հիլարի Քլինթոնը Թրամփին նույնքան կոշտ պատասխանեց.

«Դոնալդ Թրամփն ունի ձիու առողջություն, այն ձիու, որի վրա Վլադիմիր Պուտինն էր նստած հայտնի լուսանկարում»:

Թեկնածուների կատակների մի մասը հավաքվածների կողմից անպատեհ էին: Այսպես, անդրադառնալով Քլինթոնի կողմից հազարավոր էլեկտրոնային նամակներ ջնջելուն, Թրամփը կատակել էր հավատքի վերաբերյալ.

«Ասում են, թե Հիլարին խոստովանության է գնում եւ երբ քահանան հարցնում է գործած մեղքերի մասին, նա ասում է, որ չի հիշում եւ այդպես 39 անգամ»:

Քլինթոնն իր հերթին անհաջող կատակել էր ամերիկյան խորհրդանիշներից մեկի մասին.

«Մարդիկ նայում են Ազատության արձանին ու տեսնում մեր պատմության հպարտ խորհրդանիշը՝ հույսի փարոս աշխարհի մարդկության համար: Դոնալդը նայելով Ազատության արձանին տեսնում է անբարո կնոջ»:

Չնայած կատակների որակին եւ քանակին, երկու թեկնածուներն էլ նշեցին, որ Ալ Սմիթի երեկոյի հերոսը կարիքավոր երեխաներն են, որոնց օգտին մեկ երեկոյի ընթացքում հավաքվել է վեց միլիոն դոլար:

XS
SM
MD
LG