Մատչելի հղումներ

Քաղաքական անորոշ իրավիճակը ազդում է ամերիկյան տնտեսության վրա


Stock Exchange
Stock Exchange

՛՛Macroeconomic Advisers՝՝ հետազոտական կենտրոնի կարծիքով նախընտրական շրջանում առկա հակասական մոտեցումները հարկային, առևտրային կամ այլ հարցերի վերաբերյալ ուղղակիորեն ազդում են տնտեսական իրավիճակի վրա::

«Ինչպես տեսնում ենք, եթե հանրային հարցումների հիման վրա Քլինտոնի հաղթանակի հավանականությունը մեծանում է, ապա շուկան աճում է, սակայն, եթե այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեց, նկատվում է գների անկում», ասում է կենտրոնի ներկայացուցիչ Ջոյել Փրաքենը:

Տնտեսության և շուկայի վրա քաղաքականության և քաղաքական անորոշության ազդեցությունն աճում է, կարծում է Այովա համալսարանի պրոֆեսոր Արտ Դուրնևը:

«Այսօր քաղաքականության ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա ավելի մեծ է, քան 10, 20 կամ 30 տարի առաջ», ասում է պրոֆեսոր Դուրնևը:

Դա բխում է հարկային քաղաքականության և խաղի կանոնների վերաբերյալ առկա անորոշությունից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ խոշոր ընկերությունները հապաղում են կայացնել որոշումներ նման իրավիճակում:

«Նրանք դադարեցնում են ներդրումներ անել, կուտակում են կանխիկ դրամ, որը չեն ցանկանում ծախսել: Խոշոր ընկերություններն աշխատանքի չեն վերցնում նոր մարդկանց, ինչպես նաև չեն ազատում որևէ մեկին: Ամեն ինչ սպասողական վիճակում է»:

Անորոշությունը, ըստ Ջոյել Փրաքենի, ազդում է նաև սպառողների վրա:

Փորձագետներին հետաքրքրում է նաև, թե արդյոք քաղաքական անորոշ իրավիճակն ավելի մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա, քան էներգետիկ ծախսերը, տոկոսադրույքները կամ ընկերությունների հաշվարկներն այս կամ այն ապրանքատեսակի պահանջարկի մասին:

«Տնտեսագետների միջև առկա է անհամաձանություն այն հարցի շուրջ , թե արդյոք անորոշությունն ունի ավելի մեծ ազդեցություն, քան այլ հիմնարար շուկայական գործոններ», ասում է Բրուկինքս ինստիտուտի փորձագետ Բիլ Գալստենը:

Սակայն քաղաքական անորոշ իրավիճակը չի վերանա ընտրություններից հետո: Օրինակ, եթե ընտրություններին հաղթանակ տարավ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինտոնը, ապա նա ստիպված է լինելու իր ծրագիրը հաստատել Կոնգրեսում, որտեղ, չի բացառվում, որ երկու պալատներն էլ լինեն հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո, որն էլ կբարդացնի հավանական դեմոկրատ նախագահի ծրագրի հաստատման գործընթացը:

XS
SM
MD
LG