Մատչելի հղումներ

Տեսագրությունն՝ ընդդեմ Թրամփի, էլեկտրոնային նամակն՝ ի վնաս Քլինթընի


՝՝Վիքիլիքս՛՛ ինտերնետային կայքը մի քանի օր առաջ հրապարակեց Հիլարի Քլինթընի կողմից Սպիտան տան նախկին մի պաշտոնյայի հղված մի նամակ, որը կարող է բացասական մեծ ազդեցություն գործել նախկին պետքարտուղարի նախընտրական արշավի վրա։

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի նախընտրական շտաբն այս օրերին փորձում է գտնել նոր փակուղուց դուրս գալու ուղիներ։ Խոսքը Քլինթընի էլեկտրոնային այն նամակի մասին է, որտեղ նախկին պետքարտուղարը մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիայի ու Քաթարի կառավարություններին՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ։ Նամակը Սպիտակ տան խորհրդականներից Ջոն Փոդեսթային է նա ուղարկել 2Օ14 թվականին՝ նախագահական ընտրապայքարին միանալու մասին որոշում կայացնելուց 8 ամիս առաջ։ Ըստ նամակի, ՝՝Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կառավարությունները գաղտնի ֆինանսական աջակցություն են տրամադրում ՝՝Իսլամական պետությանը՛՛։ Նամակում Քլինթընը գրում է դաշնակից այս երկու պետությունների նկատմամբ հակակշիռ քայլեր իրականացնելու կարեւորության մասին։

Այս նամակը հազարավոր այն նամակներից միայն մեկն է, որոնք հաքերները ձեռք են բերել Փոդեսթայի անձնական էլեկտրոնային փոստից։ Եվ փաստը, որ այն հրապարակվել է ՝՝Վիքիլիքս՛՛-ի կողմից անցած ուրբաթ օրը, շատերի մոտ է այն հոմոզմունքն առաջ բերում, որ դրա նպատակը Քլինթընի նախընտրական արշավին վնաս հացնելն է։

Քլինթընի խորհրդական Փոդեսթան ասում է, որ Թրամփի խորհրդական Ռոջեր Ստոունը նախապես է տեղեկություններ ունեցել ՝՝Վիքիլիքս՛՛-ի ձեռքի տակ եղած էլեկտրոնային այս նամակի մասին։ Թրամփի խորհրդական Ստոունն էլ ընդունում է, որ կապ է հաստատված եղել իր ու ՝՝Վիքիլիքս՛՛-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի միջեւ։ Նա նախապես էր հայտարարել ՝՝Վիքիլիքս՛՛-ի կողմից Քլինթընի դեմ հարձակում իրականացվելու մասին։ Փոդեսթայի խոսքերով, Ռուսաստանն այս կերպ միգուցե փորձում է իր ազդեցությունն ունենալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա՝ հօգուտ Վլադիմիր Պուտինի մասին գովեստի խոսքերով հանդես եկող Դոնալդ Թրամփի։

Քլինթընի նախընտրական շտաբի ղեկավարի խոսքերով, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն այժմ հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար էլեկտրոնային փոստը կոտրելու գործում Ռուսաստանի հնարավոր դերը։ Փոդեսթան ասել է, թե ինքը համագործակցում է հետաքննիչների հետ ու հայտարարել, որ նամակները հենց այս պահին հրապարակելու հանգամանքը զուտ պատահականություն չէ։ Նա համոզված է, որ դա մի պատասխան է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի այն տեսագրությանը, որտեղ վերջինս գռեհիկ արտահայտություններ է անում կանանց հասցեին։

Այսինքն՝ եթե Թրամփի դեմ է գործում տեսագրությունը, Քլինթընին, ի պատասխան, հարվածում է էլեկտրոնային նամակը։

XS
SM
MD
LG