Օբաման, որը ցանկանում է իրենից հետո նախագահի աթոռին տեսնել իր կուսակից Հիլարի Քլինթընին, վերջինիս համար Նյու Յորքում անցկացված դրամահավաքի ընթացքում արտասանած ելույթում կոչ է արել ընտրել իր նախկին պետքարտուղարին, եւ հայտարարել, որ որպես հասարակություն, Ամերիկան դեռեւս դժվարանում է համակերպվել այն մտքի հետ, որ կարող է ունենալ կին առաջնորդ։
ԱՄՆ-ի սեւամորթ առաջին նախագահը հաճախ է հանդես գալիս իր կյանքում ուժեղ կանանց դերի մասին խոսքերով՝ այդ ցանկում ընդգրկելով իր մորը, տատին, կնոջն ու դստրերին։
Ասենք, որ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քլինթընի եւ նրա հանրապետական մրցակից Դոնլադ Թրամփի միջեւ հարցումների արդյունքների տարբերությունը նեղանում է։ Օբաման հայտարարում է, թե չէր ցանկանա, որ ընտրություններում հաղթանակ գրանցվեր ձայների միայն չնչին տարբերությամբ։
«Կարող է այդպես էլ լինել, ու պատճառը ոչ թե Հիլարիի սխալներն են կամ թերությունները, այլ այն, որ մենք վերածվել ենք շատ բեւեռացված հասարակության», հայտարարել է Օբաման։ Նախագահը երբեք չի թաքցրել Թրամփի նկատմամբ իր արհամարանքը։ Հիշեցնենք, որ վերջինս այն շարժման ղեկավարներից մեկն էր, որը հարցականի տակ էր դնում Օբամայի՝ Ամերիկայում ծնված լինելու հանգամանքը։ Միայն անցած ուրբաթ օրը Թրամփն ընդունեց, որ Օբաման ծնվել է Միացյալ Նահանգներում։
Դրամահավաք միջոցառման ժամանակ Օբաման դրամատուներին ասել է, թե Թրամփը նման չէ այն երկու թեկնածուներին, որոնց դեմ ինքը մրցապայքարի էր ելել 2ՕՕ8 եւ 2Օ12 թվականների ընտրությունների ժամանակ։
«Երբ մրցապայքարի էի դուրս եկել ընդդեմ Ջոն Մաքքեյնի, մեր միջեւ տարբերությունները շատ խորն էին, սակայն ես երբեք չէի ասի, որ նա չունի Միացյալ Նահանգների նախագահ դառնալու որակ։ Ես չէի ասի, որ Միթ Ռոմնիի ընտրությունը կարող էր լինել լիակատար աղետ», ասել է Օբաման ու ավելացրել, որ, իր խոսքերով՝ այս մարդը (նկատի ունենալով Թրամփին), չունի նախագահի որակներ։
Օբաման, հատկապես սեւոմորթ ընտրողներին ուղղելով իր խոսքը, ասել է, թե նրանք անձնական վիրավորանք կհասցնեն իր ժառանգությանը, եթե իրենց ձայնը տան Դոնալդ Թրամփին։