Մինչ Հիլարի Քլինթոնը Նյու Յորքի միջադեպից հետո զբաղված էր իր առողջական վիճակը բարելավելու գործով՝ Դոնալդ Թրամփը իրեն չէր կորցնում, և ամեն պատահած առիթ օգտագործում էր իր հակառակորդին վատաբանելու համար:
Թրամփը վերջերս առաջին անգամ այցելել է Ֆլինթ՝ մի քաղաք որը ընկղմվել է չքավորության մեջ, այն բանից հետո, երբ դրա ջրային պաշարներում կապարի պարունակություն էր հայտնաբերվել: 2014 թվականի ապրիլից ի վեր, երբ քաղաքի իշխանությունները Դեթրոյթի ջրի պաշարի օգտագործումից որոշել են անցնել Ֆլինթի գետի ջրին, ավելի քան 100,000 մարդ է թունավորվել:
Այս այցի շրջանակներում Թրամփը նաև այցելել է Ֆլինթի եկեղեցիներից մեկը, որտեղ նա պետք է աշխատավորներին շնորհակալություն հայտներ ջրի մաքրման գործում իրենց աշխատանքի համար: Նույնիսկ շնորհակալական խոսքի ժամանակ Թրամփը փորձել է վատաբանել իր հակառակորդ Քլինթոնին:
«Հիլարին տապալել է երկրի տնտեսությունը: Ճիշտ այնպես, ինչպես նա տապալել է արտաքին քաղաքականությունը: Հիլարի Քլինթոնը...»
Սակայն եկեղեցու քահանան ընդհատել է նրան, վերջինիս հիշեցնելով, որ եկեղեցին քաղաքականություն քննարկելու վայր չէ:
Թրամփի այցելած եկեղեցու քահանա, Վերապատվելի Ֆեիթ Գրին Թիմմոնսի խոսքերով, ինքը նախապես պայմանավորվել էր Թրամփի ընտրարշավի կազմակերպիչների հետ, որ քաղաքականության մասին խոսք չէր լինելու:
«Նրանք ծրագրել էին ավելին ասել, քան նախապես խոստացել էին: Իսկ ես ասացի ո՛չ, կանեք այն, ինչ նախապես ծրագրել էինք: Եվ երբ նա խնդրեց բեմ բարձրանալ և խոսել, իսկ թեման սկսեց ծավալվել ծրագրվածին հակառակ, ես նրան հիշեցրի, որ նա այստեղ էր մեր աշխատավորներին ողջունելու և շնորհակալություն հայտնելու համար»:
Այս միջադեպին հաջորդել է Քլինթոնի բժիշկ Լիսա Բարդաքի ներկայացրած զեկույցը: Բարդաքի խոսքերով, Քլինթոնի վերջին հետազոտությունների տվյալները դրական են և վերջինս լավ վիճակում է հակաբիոտիկներ ընդունելուց և հանգստանալուց հետո: Բժիշկն ասել է, թե Քլինթոնը ֆիզիկական և հոգեկան գերազանց վիճակում է:
Թրամփն, ինչպես միշտ, կարողացել է ուշադրությունը դեպի իրեն շեղել: Առողջապահական թեմայով մի հեռուստահաղորդման ժամանակ ներկայացրել է իր բժշկի 2 էջանոց եզրակացությունը, որտեղ 1980 թվականից Թրամփի բժիշկը հանդիսացող Բորնսթեինը տեղեկացնում է, որ վերջինիս առողջական վիճակը գերազանց է: