Միայն մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը հայտնվել էր իրական վտանգի տակ։ Սակայն ավելի ուշ Թրամփը մեծ առաջընթաց գրանցեց հաստատակամ կողմնորոշում չունեցող մի քանի նահանգներում անցկացրած հանդիպումներից հետո։
Չկողմնորոշված ընտրողների վրա սովորաբար մեծ ազդեցություն են գործում հեռուստաբանավեճերը, որոնցից առաջինն անցկացվելու է սեպետեմբերի 26-ին։
Ինչպես Քուինըփիքի համալսարանի փորձագետներից Թիմ Մալլոյն է ասում.
՝՝Գլխավոր հարցերը, որոնց թեկնածուները պիտի պատասխանեն, մարդկանց ամենաշատը հուզող հարցերն են. Թեկնածուներից ո՞վ ավելի լավ կվերահսկի միջուկային զենքերը, նրանցիվ ո՞վ ավելի լավ կկարողանա հարթել միջազգային ճգնաժամերը, ո՞ր մեկն ավելի լավ կլուծի ներգաղթյալների հետ կապված խնդիրները, ո՞վ ավելի լավ կհոգա ժողովրդի համընդհանուր կարիքները ու ո՞վ ավելի լավ կապահովի իրենց պաշտպանությունը։ Հենց այս պատասխաններն են վճռական դառնալու թեկնածուների բանավեճերի ընթացքում՛՛։
Թեկնածուները, բացի վերը նշված հարցերից, ունեն նաեւ մեկ այլ կարեւոր հարցի պատասխանելու պարտավորություն՝ ունե՞ն արդյոք երկրի պատասխանատվությունը վերցնելու բավարար առողջություն։
Երկու թեկնածուներն էլ խոստացել են մոտ ապագայում ներկայացնել իրենց առողջության մասին մանրամասն տեղեկություններ։ Սակայն սեպտեմբերի 11-ին Քլինթընի ուժեղ գլխապտույտից հետո շատերն են հարց տալիս, թե արդյո՞ք իրավացի էր Թրամփը, ով հարցականի տակ էր դնում Քլինթընի առողջությունը։
Քլինթընը մի քանի օր չի մասնակցելու նախընտրական հանդիպումներին, սակայն հույս ունի, որ շաբաթավերջին կվերադառնա։ Նրան այս գործում օգնում է նախագահ Բարաք Օբաման, որը երեքշաբթի օրը նրա փոխարեն հանդես է եկել Ֆիլադելֆիայում։
Հիմա հարցն այն է, թե արդյոք մնացյալ երկու ամիսների ընթացքում Թրամփին կհաջողվի շահել կանանց, սեւամորթների ու լատինաամերիկյան ծագումով անձանց համակրանքը, եւ արդյոք Քլինթընին կհաջողվի պահպանել նկատելի համակրանքը նրանց շրջանում, երբ ամեն մի անզգույշ խոսք կարող է տակն ու վրա անել անցած ամբողջ ուղին, ինչպես օրինակ Քլինթընի այն հայտարարությունը, թե Թրամփին աջակցող միլիոնավոր ամերիկացիներ իրենցից ողորմելիների զամբյուղ են ներկայացնում։
Նշենք փորձագետներից շատերի հետեւյալ արտահայտությունը, որ նախընտրական արշավը ձիարշավի նման մի բան է, երբ մրցակիցներից յուրաքանչյուրը կարող է արշավի որեւէ հատվածում միանգամից առաջ անցնել մյուսից, հատկապես, եթե մյուսը մի թեթեւ նույնիսկ սայթաքի։