Չինաստանի Հանգժու քաղաքը հատուկ նշանակության տարած է հիշեցնում: Քաղաքում, որը հաջորդ շաբաթ հյուրընկալելու է 20 առաջատար երկրների ղեկավարների գագաթաժողովը, արդեն իսկ տեղակայվել են հազարավոր ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ եւ կարմիր թեւկապներով քաղաքացիական պարեկայիններ: Ավելին, Հանգժուից ժամանակավորապես դուրս է հանվել քաղաքի 9-միլիոնանոց բնակչության մեծ մասը, փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ: Բնակիչները, սակայն, լրագրողների հետ զրույցում չեն դժգոհում:
«Կան դրական ու բացասական կողմեր: Մենք հպարտ ենք, որ հանդիպումը մեզ մոտ է տեղի ունենալու, սակայն, կան դրա հետ կապված անհարմարություններ», - ասում է քաղաքի բնակիչ Վանգը:
Ադամ Լեվինը քաղաքի 3 ռեստորաններից բաղկացած ցանցի սեփականատեր է: Դրանցից երկուսը փակվել են գագաթաժողովի պատճառով, սակայն, ձեռներեցի խոսքով, ինքը հասկանում է անվտանգության կարիքներից բխող ճնշումները.
«Չինաստանն ուզում է ապահովել լավագույն տեսարանը եւ նվազագույնի հասցնել խնդիրները։ Համաշխարհային վերջին իրադարձություններն իշխանություններին անհանգստացրել են: Խոսքը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների մասին է»:
Քաղաքից մեկ շաբաթով վտարված բնակիչներին Չինաստանի կառավարությունը տվել է յոթնօրյա վճարովի հանգստյան օրեր, սակայն, դեռեւս պարզ չէ, թե ով է հոգալու տեղափոխման հետ կապված բնակիչների այլ ծախսերը:
«Քաղաքի բազմաթիվ գեղատեսիլ վայրեր այժմ դատարկվել են: Մենք էլ կատակով ասում ենք, որ երեւի թե պատմության մեջ առաջին անգամ է, որ քաղաքի բնակիչները կցանկանային քաղաքից դուրս ապրել», - պատմում է Լին, ում թույլ են տվել մնալ քաղաքում գագաթաժողովի օրերին:
Գագաթաժողովի մասնակիցներն ու հյուրերը անշուշտ կվայելեն քաղաքի գեղատեսիլ վայրերն ու կծանոթանան պատմական անցյալին: Սակայն, նրանք տեղյակ չեն, որ զրկված կլինեն քաղաքի ամենակարեւոր հատկանիշին՝ դրա բնակիչներին ճանաչելու պատվից: