Թրամփը քարոզարշավի գլխավոր պատասխանատու է ընտրել պահպանողական «Breitbart» ինտերնետային կայքի ավագ պաշտոնյաներից Ստիվըն Բեննոնին։ Իսկ սոցիոլոգ Քեյլիան Քոնուեյին նշանակել է ընտրարշավի խմբի կառավարչի պաշտոնում։
Նրա խոսքերով, այս տեղաշարժն ամենեւին չի ազդում Փոլ Մանաֆորթի վրա։ Հիշեցնենք, որ Մանաֆորթը Թրամփի ընտրարշավի թիմը ղեկավարում էր հունիս ամսին այդ պաշտոնից Քորեյ Լյուանդովսկիին հեռացնելուց ի վեր։
Մանաֆորթին հեռացնելու որոշում Թրամփը կայացրել էր այն բանից հետո, երբ նրան սկսեցին մեղադրել Ուկրանիայի ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կապեր ունենալու մեջ։
Թրամփի կողմից իրականացվող վերջին փոփոխությունները հաջորդեցին «Նյու Յորք Թայմս» օրաթերթում զետեղված այն հաղորդագրություններին, ըստ որոնց Ուկրաինայի գաղտնի գրանցամատյաններում կան Մանաֆորթի անունով 12 միլիոն 7ՕՕ հազար դոլարի կանխիկ դրամի մասին տվյալներ։
Մանաֆորթը հերքում է Ուկրաինայում իր կատարած աշխատանքի դիմաց առանց գրանցումների վճարումներ ստանալու մասին մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն, հիմար ու անտրամաբանական»։
Ինչ վերաբերում է Վիսկոնսին նահանգում երեքշաբթի օրն անցկացված ընտրարշավին, Թրամփը սեւամորթ ամերիկացիներին, որոնք արդեն մի քանի տասնամյակ հիմնականում քվեարկում են հօգուտ դեմոկրատների, հորդորել է նոյեմբերյան նախագահական ընտրությունների ժամանակ փոխել դիրքերը։
«Դեմոկրատական կուսակցությունը սեւամորթ ամերիկացիների ձայներն է ստացել անհատույց։ Նրանք միայն ու միայն ակնկալել են ձեր աջակցությունը, սակայն ձեզ ոչինչ չեն տվել դրա դիմաց։ Ժամանակն է, որ դեմոկրատներին տրվի մրցելու ասպարեզ, եւ ժամանակն է մերժել նրանց, ովքեր, լինելով անարդար քաղաքական համակարգի անդամներ, ձախողվել են իրենց պաշտոնավարման ընթացքում», ասել է Թրամփն իր ելույթում։
Թրամփն իր ելույթում անդրադարձել է նաեւ Միլուոքի քաղաքում անցյալ շաբաթ օրը սկսված բռնի ցույցերին։ Հիշեցնենք, որ բողոքի ալիքն այս քաղաքում բարձրացել էր ոստիկանության կողմից սեւամորթ 23-ամյա մի երիտասարդի սպանության պատճառով։
Սակայն հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հակառակ Թրամփի ջանքերին, սեւամորթ ամերիկացիների շրջանում նրա վարկանիշը չի անցնում միանիշ թվերից։
Թրամփի առջեւ սակայն կա մեկ այլ դժվար խոչընդոտ։ Շուտով նա պիտի ենթարկվի անվտագության հարցերով պաշտոնական առաջին հարցաքննությանը։ Այս հարցազրույցներով են անցնում բոլոր թեկնածուները, ժողովրդին երաշխավորելու համար, որ ով էլ ընտրվի նախագահի պաշտոնում, քաջատեղյակ է անվտանգության բոլոր հարցերից։
Թրամփի ելույթներում հաճախ տեղ գտնող իրարամերժ ու վիճահարույց տեսակետներն ու արտահայտություններն առաջ են բերել այն մտավախությունը, որ նախագահի պաշտոնում նա չի կարողանա իր մեջ պահել տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել երկրի շահերը։