Մատչելի հղումներ

Հայերը մասնակցում են ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկի վերակառուցման աշխատանքներին


Մենք՝ հայերս հաճախ ենք հիշատակում, որ յուրաքանչյուր կարեւոր գործում հայեր են մասնակցել: Հավատացեք՝ սա այդ պատմություններից մեկն է: Պարզվում է՝ ամերիկյան խորհրդանիշներից մեկի՝ Կապիտոլիումի գմբեթի վերակառուցումն անցնում է հայերի մասնակցությամբ:

Արմատներով այնթափցի, Հալեպում ծնված, իսկ այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Վահե Թանաշյանը American Iron Works - AIW ընկերության փոխնախագահն է, որը մասնակցում է Կապիտոլիումի գմբեթի վերակառուցմանը: Հենց այս ընկերության երկաթե կմախքով է պատված ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը։

«Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում ենք Կապիտոլիումի այս աշխատանքներին», - ասում է Թանաշյանը:

American Iron Works - AIW ընկերությունը զբաղվում է երկաթի մշակմամբ եւ երկաթե կառույցների պատրաստմամբ: Այստեղ աշխատող մի քանի հայերն իրենց փայլուն արհեստավարժությամբ ընկերության ղեկավարության հարգանքին են արժանացել: Հատկանշական է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով վնասված Պենտագոնի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի վերականգնման աշխատանքներում նույնպես մասնակցել են հայերը, որի համար ընկերության աշխատակիցները հատուկ շնորհակալագրեր են ստացել ԱՄՆ-ի կառավարությունից:

«Մենք՝ հայերս, միշտ ասում ենք, որ շինարար ենք, որ օգնել ենք այն երկրների բնակչությանը, որտեղ ապրել ենք: Ինչպես շենացրել ենք մեր հայրենիքը, այնպես էլ շենացրել ենք այն երկրները, որտեղ ապրել ենք», - ասում է Վահե Թանաշյանը:

Միացյալ Նահանգների օրինակով, AIW-ն բազմազգ ընկերություն է, որի սեփականատերը հույն է, իսկ աշխատակիցների թվում հայերից բացի կան նաեւ արաբներ, Մեքսիկայից եւ Լատինական Ամերիկայից ներգաղթյալներ: Այստեղ աշխատող Սեւակ Կարապետի խոսքով, բազմաթիվ մշակույթների ձուլումը գործին միայն օգուտ է բերում.

«Միշտ միմյանց հետ բարեկամի պես ենք, կան մեքսիկացիներ, ամերիկացիներ, բայց ամենի հետ լավ ենք, փառք Աստծո, ամենի հետ ընկերանում ենք»:

Ի դեպ, Սեւակի ձեռքի ու մտքի շնորհքով ստեղծված մետաղյա աշխատանքները գտնվում են Վաշինգտոնի բազմաթիվ շքեղ տներում: Ինքն իր արհեստավարժության մասին սակայն չափազանց զուսպ է պատմում.

«Մեր գործով է, որ մեզ կսիրեն: Փորձում ենք ավելի լավը անել տարուց տարի, միշտ առաջ շարժվել»:

Ընկերության մեկ այլ աշխատակից Ներսես Նազարյանի կարծիքով, հայն ու երկաթն անբաժանելի են.

«Գիտեմ, որ այս երկաթը մեր արյան մեջ կա: Այս գործն իմ արյան մեջ է: Իմ ազգը, եթե երկաթը գետնից, լեռներից հանեց, երկաթ շինեց, ուրեմն, ես շիտակ տեղ ունեմ»:

Հայ մասնագետների տաղանդն ու գործին նվիրվածությունը նրանց առջեւ բազմաթիվ դռներ են բացում, այդ թվում՝տալիս աշխարհի գերտերության մայրաքաղաքի հիմնական խորհրդանիշներից մեկի վերակառուցմանը մասնակցելու արտոնություն:

XS
SM
MD
LG