Մատչելի հղումներ

Կոնգրեսական. «Եթե Սավչենկոյի փոխանակումը համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է»


Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման փաստն առաջ է բերում հետևյալ հարցերը, թե արդյո՞ք Եվրոպան կթուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ, արդյո՞ք Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները:

Ռուսաստանում 22 տարի ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոյի վերադարձը հայրենիք շատ վերլուծաբաններ կապում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև համաձայնության հետ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մըքեյնը հայտնել է իր տեսանկյունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցում:

«Սավչենկոյի դիմաց Ուկրաինան ազատ է արձակել ռուս երկու բանտարկյալների: Առաջին հերթին սա բանտարկյալների փոխանակում էր, և երկրորդը՝ Սավչենկոն ամենավերջին մարդն է, ով կցանկանար, որ իր ազատ արձակվելու գինը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը լիներ: Պատժամիջոցները պետք է լինեն ուղղակիորեն Ռուսաստանի գործողությունների հիման վրա: Միջազգային օրենքը խախտելով՝ Ռուսաստանը գրավել է Ղրիմը և մասնատում է Արևմտյան Ուկրաինան: Եթե սա համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է»:

Ukrainian pilot Nadiya Savchenko
Ukrainian pilot Nadiya Savchenko

Մայիսի 25-ին Կիևի Բորիսպոլի օդանավակայանից Սավչենկոն ուղևորվել էր Ուկրաինայի նախագահի նստավայր, որտեղ Պետրո Պորոշենկոն նրան հանձնել էր Ուկրաինայի հերոսի պարգևը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Սանդեր Լեվինի խոսքերով, սա կարևոր իրադարձություն է ոչ միայն Սավչենկոյի, այլ նաև բոլոր ուկրաինացիների համար, քանի որ նա խորհրդանշում է խիզախություն և նվիրվածություն Ուկրաինայի ազատության և ժողովրդավարության հանդեպ:

«ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապ կա և կարծում եմ, որ նրա քաջությունը և ազատ լինելու ձգտումը դրա մարմնավորումն են: Նա իր խիզախության և ժողովրդավարական հայացքների համար հիացմունքի է արժանի: Նա ցանկություն է հայտնել, որ իր ազատ արձակումը լինի ոչ միայն հույսի, ժողովրդավարության ընթացքի և հաղթանակի ուղերձ, այլ նաև ուղերձ Ռուսաստանի ժողովրդին, որպեսզի այնտեղ ոտքի կանգնեն: Կարծում եմ, դա այնքան շատ բան է ասում նրա ով լինելու մասին»:

Khadija Ismayilova
Khadija Ismayilova

Հիշեցնենք, որ Սավչենկոյի ազատ արձակմանը նախորդել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, Ադրբեջանում հարկային խախտումների և յուրացումների մեղադրանքով կալանավորված Խադիջա Իսմաիլովայի ազատ արձակումը: Նադեժդա Սավչենկոյի և Խադիջա Իսմաիլովայի ազատ արձակումը Ջոն Մըքեյնի կարծիքով, կատարվել է միջազգային հանրության ճնշման հետևանքով:

«Վստահ եմ, որ թե՛ Սավչենկոյի և թե՛ Խադիջայի ազատ արձակումը ճնշման արդյունք է: Վստահ չեմ, թե ում կողմից է ճնշումը գործադրվել, սակայն հավատացած եմ, որ դա համադրված է աշխարհի կողմից այս խիզախ կանանց հանդեպ վերաբերմունքը դատապարտելու հետ: Իմ կարծիքով, աշխարհի բնակչության կարծիքը այս գործընթացում դեր է ունեցել: Այս երկու կառավարություններից ոչ մեկն էլ բարի չէ: Մտածելը, թե նրանք բաց կթողնեին այս երկու կանանց բարեսրտությունից դրդված, պարզապես երևակայություն կլիներ»:

Որոշ քաղաքագետների համոզմամբ, ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները:

XS
SM
MD
LG