Մատչելի հղումներ

Հանրապետականները շրջվում են դեպի Թրամփը, իսկ դեմոկրատները՝ Սանդերսին քաջալերում դադարեցնել ընտրարշավը


Donald Trump & Bernie Sanders
Donald Trump & Bernie Sanders

Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է հանրապետականների առաջատարներից մի քանիսին, նրանց համակրանքը շահելու միտումով: Իսկ դեմոկրատների առաջնորդները Սանդերսին քաջալերում են դադարեցնել ընտրապայքարը, պատճառաբանելով, թե նա խանգարում է Թրամփի դեմ պայքարում:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել է կուսակցության մի քանի առաջատար անդամների հետ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանին, ով ասել էր, թե ինքը պատրաստ չէ Թրամփին աջակցել որպես կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու:

Փոլ Ռայանի խոսքերով- «Մեր այսօրվա հանդիպման ժամանակ Թրամփի արտասանած խոսքերը ոգևորիչ էին: Կարծում եմ, մենք այժմ միավորվելու և առկա տարաձայնությունները հարթելու հնարավորություն ունենք: Այսպիսով, մենք ավելի խորը կքննարկենք օրենքների բնագավառը, պարզելու, թե որն է մեր ընդհանուր հայտարարը և կշարժվենք նույն հիմքերի վրա հենվելով»:

Ryan & Trump
Ryan & Trump

Հանդիպումից հետո Թրամփը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, Փոլ Ռայանն էլ Թրամփի թեկնածությանը չի տվել իր հավանությունը: Սակայն երկուսն էլ իրենց համատեղ հայտարարությամբ տեղեկացրել էին, որ իրենց հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու առումով դրական քայլ է եղել:

Թրամփը սկսում է իր կողմը գրավել որոշ հանրապետականների, ինչպես օրինակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին:

«Ես նրա մոտ զարգացում և խոսքի երանգի փոփոխություն եմ նկատում»:

Սակայն սենատոր Լինդսի Գրահամի պես շատերը Թրամփի դեմ են տրամադրված:

«Կարծում եմ Թրամփի աջակիցներին խաբել են, և ընտրարշավի հետագա ընթացքում կտեսնենք, որ Դոնալդ Թրամփը հանրապետականների վստահելի պահպանողական թեկնածու չէ»:

Մինչ հանրապետականների առաջնորդները երկմտանքի մեջ են, դեմոկրատների առաջնորդները նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսին քաջալերում են դադարեցնել ընտրարշավը: Նրանց կարծիքով, Սանդերսի ներկայությունը ուշադրությունը շեղում է Դոնալդ Թրամփի դեմ պայքարի վրա կենտրոնանալուց:

Hillary Clinton & Bernie Sanders
Hillary Clinton & Bernie Sanders

Այս մտահոգությունն առաջ եկավ այն բանից հետո, երբ Սանդերսը նախնական քվեարկության ընթացքում հաղթեց դեմոկրատների առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնին Ինդիանա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում: Այս հաղթանակները քաջալերում են նրա ընտրողներին Քենթաքի և Օրեգոն նահանգներում կայանալիք նախնական ընտրություններին ընդառաջ:

Այնուամենայնիվ առկա բոլոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ դեմոկրատների հաղթող թեկնածուն կլինի Հիլարի Քլինթոնը: Նախնական ընտրություններում նա արդեն հաղթել է 23 նահանգներում և գրավել 3 միլիոնով ավելի ընտրողներ քան Սանդերսը, ով հաղթել է 19 նահանգներում: Քլինթոնն արդեն ունի պատվիրակների 94 տոկոսը, ինչը բավարար է կուսակցության կողմից թեկնածու նշանակվելու համար։ Այսինքն, եթե նույնիսկ Սանդերսը հաղթի նախնական ընտրությունները մնացած բոլոր նահանգներում, միևնույնն է Քլինթոնը կլինի կուսակցության կողմից հաստատված թեկնածուն:

XS
SM
MD
LG