Հանրապետական Թեդ Քրուզը եւ դեմոկրատ Բերնի Սանդերսը հաղթել են նախորդ շաբաթ Վիսքոնսինի նախնական ընտրություններում, սակայն մյուս շաբաթ մրցելու են Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հարազատ Նյու Յորքում:
«Տանը լինելը շատ լավ է: Տունը հենց սա է», - նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:
Դեմոկրատ Քլինթոնը պակաս երջանիկ չէ.
«Ողջո~ւյն, Սանսեթ Փարք: Ողջո~ւյն Բրուքլին»:
Որքան քիչ ժամանակ է մնում նախագահական հավակնորդների մրցապայքարում, այնքան զգացական է դառնում այդ պայքարը: Սանդերսն օրինակ պնդում է, որ վերագտել է քաղաքացիների աջակցությունը.
«Մեր հաղթանակն այստեղ կբացի դեպի Սպիտակ տուն տանող դուռը: Բարձր մասնակցության դեպքում մենք հաղթում ենք»:
Հանրապետական Թեդ Քրուզը, մինչդեռ, նախատեսում է նախագահի թեկնածու դառնալ ոչ թե նախնական ընտրությունների, այլ՝ հանրապետականների համագումարի ձայների շնորհիվ.
«Համագումարին Դոնալդը բազմաթիվ կողմնակիցներ է ունենալու: Կարծում եմ, առաջին քվեարկության ընթացքում Դոնալդ Թրամփին շատ ձայներ կտան, սակայն, այնուհետեւ մենք կհաղթենք առաջադրումը»:
Վիսքոնսինում պարտությունից հետո Թրամփը փոփոխություններ է կատարել իր նախընտրական շտաբում, սակայն սեփական ոճն անփոփոխ է թողել.
«Այսօր լսեցի Թեդ Քրուզի ստերը: Նա նույնիսկ 100 կողմնակից չի կարող հավաքել»:
Հանրապետական Թրամփի հիմնական մրցակից դեմոկրատ Քլինթոնն արդեն ընդհանրապես Սանդերսին որպես մրցակից չի դիտարկում.
«Մենք շարժվում ենք դեպի առաջադրում եւ ինձ հզոր հաղթանակ է անհրաժեշտ Նյու Յորքում՝ նախագահի թեկնածու առաջադրվելու, կուսակցությունը համախմբելու եւ հանրապետականների դեմ պայքարելու համար»:
Հարցումների համաձայն, Քլինթոնն ու Թրամփը առաջին տեղում են Նյու Յորքի դեմոկրատների եւ հանրապետականների թվում: